Իրանական միջուկային ծրագիրը մնում է ոչ միայն համաշխարհային քաղաքականության հիմնական «գլխացավանքը», այլև վերջին ժամանակներս ավելի ու ավելի շատ պետությունների և առաջնորդների համար յուրօրինակ «քաղաքական բոնուսի» ուրվապատկեր է ստանում` բուն Թեհրանից ու նրա դեռևս առասպելական ատոմային ռումբից հեռու խնդիրների լուծման գործում։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրենի զեկույցից արդեն գիտենք, որ Իրանի ուրանի հարստացման ձեռնարկություններում գործում է մոտ 4000 ցենտրիֆուգ, մնացած 4800-ը բեռնված չեն։ Ընդ որում, դրանք հին նմուշի են, սակավ արտադրողական, այսպես կոչված, առաջին սերնդի։ Ավելին, ինչպես հաղորդում են միջազգային փորձագետները, հեռանկարում իրանցի ատոմագետները հնարավոր է և ընդունակ լինեն ստեղծելու միջուկային պայթուցիկ հարմարանք, բայց իր չափերով այն բեռնատար ավտոմեքենա կհիշեցնի, որը, համաձայնեք, դժվար կլինի նետել թշնամու վրա։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես այն պետք է «խցկել» հրթիռի մեջ և վերածել մարտագլխիկի, ապա դա ամենևին էլ հեշտ բան չէ։ Ընդ որում, իրանցիներն ասում են, որ իրենց նպատակը բացառապես «խաղաղ ատոմն» է և, վկայակոչելով կրոնական նկատառումները (դա նույնպես չպետք է զանց առնել), ի տարբերություն մի շարք երկրների, ստորագրում են միջուկային զենքի չտարածման պայմանագիր։ Բացի այդ, նրանք թույլ են տալիս, որ փորձագետները մուտք գործեն իրենց օբյեկտներ (թող որ սահմանափակ թվով), իսկ ՄԱԳԱՏԷ-ն, բոլոր ջանքերով հանդերձ, այդպես էլ ոչ մի անօրինական բան չի գտնում այնտեղ։ Ընդ որում, մյուս բոլոր երկրները, ներառյալ ԱՄՆ-ը, հայտարարում են, որ ատոմային էներգետիկայի զարգացման Իրանի իրավունքն ինքնիշխան է։ Եվ, այդուամենայնիվ, ինտրիգը մնում է և տիեզերական արագությամբ թափ է առնում։
Այսպես, վերջին օրերին համաշխարհային լրատվամիջոցների թիվ մեկ թեման դարձել է «միջուկային գործարքն» Իրանի, Բրազիլիայի և Թուրքիայի միջև։ Ինչպես հայտնի է, Բրազիլիայի նախագահ դա Սիլվան առաջինն է ժամանել Թեհրան և բանակցություններ վարել նախագահ Ահմադինեժադի ու հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հետ։ Այնուհետև, չհայտարարված այցով Իրան մեկնեց Թուրքիայի վարչապետ Էրդողանը։ Համարյա 18 ժամ տևած բանակցություններից հետո ձեռք բերվեց պայմանավորվածություն։ Համաձայն դրա, Իրանը պատրաստ է Թուրքիա ուղարկելու 1,2 տոննա թույլ հարստացված ուրան (մինչև 3,5 տոկոս)` 120 կգ միջուկային վառելիք ստանալու պայմանով։ Ապա նաև` լիարժեք հարստացված (մինչև 20 տոկոս) ուրան գիտահետազոտական ռեակտորի համար (ի դեպ, 42 տարի առաջ ամերիկացիների կողմից կառուցված) և ուրան` բժշկական նպատակներով։ Փոխանակությունը կիրականացվի Թուրքիայի տարածքում։ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչը հավաստել է, որ իրենք ստացել են համատեղ հայտարարության տեքստը և Իրանից փաստաթղթի կետերին գրավոր համաձայնություն են սպասում։
Սակայն պայմանավորվածությունների որոշ դրույթներ պարզ չեն և գրանցված չեն, մյուսները կասկածներ են հարուցում։ Այսպես, ինչպես հայտնի է, Իրանը ներկայումս ունի ավելի քան 2400 կգ թույլ հարստացված ուրան, և եթե պայմանագիրն ուժի մեջ մտնի, ու «միջուկային գնացքը» դրա գրեթե կեսը տեղափոխի Թուրքիա, դեռ ահագին բան էլ կմնա երկրում։ Պարզ չէ նաև այն, թե որ երկիրն է մտադիր հարստացնել ուրանը. չէ՞ որ Թուրքիան հնարավորություն չունի դա ինքնուրույն անելու։ Որոշ հայ քաղաքական գործիչներ կարծիք են հայտնել, որ այդ գործառույթը կստանձնի Ռուսաստանը, և որ դա ընկած է ատոմակայանի վերաբերյալ ռուս-թուրքական համաձայնագրի հիմքում։ Սակայն առայժմ այդ հարցի առնչությամբ հավաստի ոչինչ չկա։ Ավելին, Իրանն անցած տարվա աշնանը մերժեց Ռուսաստանի այդօրինակ առաջարկությունը, բացի այդ, համաձայնագրում վերստին հավաստվում է ուրան հարստացնելու Իրանի իրավունքը և անգամ «ատոմային էլեկտրակայանների ու հետազոտական ռեակտորների կառուցման գործում» համագործակցելու գաղափար է արտահայտվում, ինչն Արևմուտքին դուր չի գալիս։ (Բրազիլիային նույնպես կասկածում են «ատոմային գաղտնի ծրագիր» ունենալու մեջ)։ Մինչդեռ հաղորդվում է, որ ուրանի իրանական պաշարների մի մասի փոխադրումը Թուրքիա կարվի միայն «Վիեննայի խմբի» անդամների` Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՄԱԳԱՏԷ-ի և Իրանի համաձայնության և փոխադարձ պայմանավորվածությունների դեպքում։ Իրենց հերթին Թեհրանում հայտարարում են, որ եթե գործարքը ձախողվի, ապա ուրանը կվերադարձվի։
Այնուհետև Թուրքիայի նախարար Դավութօղլուն ընդգծել է, որ Թեհրանում ստորագրված պայմանավորվածությունները «հոգեբանական բեկում» են մտցրել Իրանի միջուկային ծրագրի հարցում, որ անհրաժեշտություն կա նոր պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Թեհրանի, և որ իրենք Արևմուտքից շուտափույթ արձագանք են ակնկալում ձեռք բերված համաձայնության առնչությամբ։ Պատասխանը երկար սպասել չտվեց։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ երկրների ներկայացուցիչները հայտարարեցին, որ հարգանքով են վերաբերվում Իրանի հետ Բրազիլիայի ու Թուրքիայի ձեռք բերած փոխզիջմանը, սակայն դա հիմնական խնդիրը չի լուծում։ Գտնվելով Վաշինգտոնում, Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Իվանովը հայտարարեց, որ այդ համաձայնությունը չպետք է խանգարի պատժամիջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի նոր բանաձևի ընդունմանը։
Չին պաշտոնատար անձինք մյուս կարևորագույն խաղացողների համեմատ նվազ հոռետեսորեն են արձագանքում Իրանի գործողություններին, այդուամենայնիվ, անվստահության ընդհանուր պատկերն ակնհայտ է։ Չէ՞ որ բոլորը հասկանում են, որ Իրանը դիվանագիտական խոշոր հարձակում է իրականացնում` նոր պատժամիջոցների սահմանումը կանխելու նպատակով։ Միայն վերջերս է Իրանի արտաքին գործերի նախարարն այցելել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ բոլոր 15 երկրներ։ Բայց կասկածների գլխավոր պատճառը «եռակողմ գործարքի» ժամանակի ընտրությունն է։ Չէ որ հենց վերջերս Չինաստանը` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունեցող առանցքային երկիրը, հասկացրեց, որ կպաշտպանի Իրանի նկատմամբ պատժամիջոցների նոր, ավելի կոշտ փաթեթի սահմանումը։ Այնպես որ, բոլորը վճռել են, թե գործողությունները ձեռնարկվել են մայիսին նախատեսված նիստը վիժեցնելու կատաղի փորձերի շրջանակներում։ «Բանաձևի նախագծի համաձայնեցման մասին հայտարարությունը համոզիչ պատասխան է վերջին օրերս Թեհրանի կողմից ձեռնարկվող ջանքերի,- հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Քլինթոնը։- Մենք չենք հավատում, թե պատահական է, որ Իրանն այդ հռչակագրին համաձայնել է հենց այն պահին, երբ մենք Նյու Յորքում առաջընթաց ունեցանք»։ Նման կոշտ արձագանքն սպասելի էր, հաշվի առնելով այն, որ գործընկերներին «կոտրելու» ջանքեր Սպիտակ տան կողմից վերջերս բավականին շատ են ձեռնարկվել։ Ինչ արժեր միայն Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Իվանովի այցը, երբ «իրանական ճգնաժամի առնչությամբ ըմբռնումն ամրապնդելուն» օգնեցին ներդրումների և համատեղ բարձրտեխնոլոգիական նախագծերի վերաբերյալ ռուսների առաջարկությունները։ (Իվանովի բոլոր հույսերը` տիեզերքից մինչև նանոտեխնոլոգիաներ ու ավիացիա, առայժմ սոսկ հայտարարություններ են, հնարավոր է` որոշումներն ընդունվեն առաջիկա հունիսին` նախագահ Մեդվեդևի ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում)։ Համապատասխանաբար, իրադարձություններն սկսեցին զարգանալ ծանոթ սցենարով։ Նախատեսված ժամկետում` չորեքշաբթի օրը, «պատժամիջոցների վերաբերյալ» նոր տասը էջանոց փաթեթը հասավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քարտուղարություն։ Նախագիծը, ինչպես պնդում են դիվանագետները, փոխզիջումային է դարձել, թեև ամերիկյան կողմը չի թաքցնում, որ այն ստացվել է «այնքան կոշտ, որքան դա հնարավոր է, հաշվի առնելով Մոսկվայի և Պեկինի դիրքորոշումը»։ Թեև, ռուսների կարծիքով, այն «կազմալուծող միջոցառումներ չի պարունակում», իսկ Չինաստանը համոզված է, որ պատժամիջոցները չեն խախտում Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունն ու ապահովում են «իրավունքների ու պարտականությունների պահպանումը համաշխարհային առևտրի ասպարեզում», ամեն ինչ այնքան էլ «անշառ» չէ։ Օրինակ, պատժամիջոցները շոշափում են իրանական շատ բանկերի ու ընկերությունների շահերը. նրանց արգելվում է գործառնություններ իրականացնել արտասահմանում։ Պատժամիջոցներ կան այն կազմակերպությունների դեմ, որոնք աջակցություն են ցուցաբերում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։ (Այդ կորպուսի անդամները պատասխանատու են միջուկային ծրագրի ռազմական կողմի համար)։ Բացի այդ, կան միանգամայն նոր տարրեր, որոնք նախկին պատժամիջոցներում չկային։ Այսպես, Իրան մեկնող և երկրից դուրս եկող նավերի ու ինքնաթիռների զննում անցկացնելու պահանջ, եթե կասկածներ են առաջանում, թե դրանք արգելված նյութեր են տեղափոխում։ Բանաձևի հեղինակներն անգամ կոչ են անում այդ նպատակով ստեղծել միջազգային հատուկ տեսչություն։
Բոլոր երկրներին արգելված է ներդրումներ կատարել Իրանի միջուկային հարստացման ձեռնարկություններում, հանքավայրերում և միջուկային ոլորտին առնչվող այլ օբյեկտներում։ Այդ միջոցառումը միտված է Վենեսուելայի ու Զիմբաբվեի, ինչպես նաև եվրոպական որոշ ընկերությունների հետ (որոնց շուրջ խոսակցություններ են պտտվում) Իրանի համագործակցությունը կանխելուն։ Պատժամիջոցների նախագիծը, ընդհանուր առմամբ, առնչվում է տնտեսությանն ու ռազմարդյունաբերական համալիրին։ Նախատեսվում է արգելք դնել նաև ծանր զինատեսակների մատակարարումների վրա, ներառյալ արդիական տանկերը, կործանիչներն ու հարձակողական հրթիռային համակարգերը։ Դրա հետ մեկտեղ, հարկ է նշել, որ ռուսներն ու չինացիները խափանել են բոլոր այն միջոցառումները, որոնց կիրառումը կարող էր հանգեցնել իրանական նավահանգիստներից նավթի առաքման և երկրի կարիքների համար բենզինի ներմուծման դադարեցմանը։ Ընդ որում, նկատենք, որ թեև պատժամիջոցները կոշտ են, սակայն «շան գլուխն իրացման մեջ է թաղված», և Իրանի առևտրական շատ գործընկերներ առաջ էլ էին պարզապես անտեսում պատժամիջոցների նախորդ երեք փաթեթները։
Բայց եթե ԱՄՆ-ն ու Եվրոպան հետևողականորեն հանդես են գալիս «իրանական ատոմային հրեշի դեմ պայքարողների» դերում, եթե Ռուսաստանն ու Չինաստանը փորձում են նյարդային այս մթնոլորտում տնտեսական առավելություններ ստանալ, եթե Իսրայելն ու Սաուդյան Արաբիան «ընդհանուր թշնամու» դրոշի ներքո սկսել են անակնկալ, բայց միմյանց համար շահավետ քայլեր ձեռնարկել, և անգամ Ճապոնիան Իրանին հարստացված ուրան է առաջարկում «անախորժությունները հարթելու համար», ապա այդ հին պատմությանը նոր խաղացողների մասնակցությունը մի փոքր տարօրինակ է։ Բայց դա միայն առաջին հայացքից։ Թուրքիան ու Բրազիլիան` «նոր հսկաները», ուզում են շտապ կարգով ամեն ինչ ձեռք բերել համաշխարհային ասպարեզում։ Նրանք ներկայումս Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ են, և եթե չպաշտպանեն ԱՄՆ-ի առաջադրած նախագիծը, ապա պատժամիջոցները միահամուռ հավանության չեն արժանանա, ինչպես առաջ։ Իրենց հերթին, Բրազիլիան ու Թուրքիան ուզում են մասնակցել իրանական միջուկային խնդրի կարգավորմանը նվիրված «վեցյակի» բանակցություններին։ Նկատենք, որ սովորաբար Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամները հազվադեպ են միջամտում միջուկային տերությունների կողմից իրականացվող գործընթացներին։ Նրանց գործողություններն այսօր մեծ մասամբ կարելի է գնահատել որպես խռովություն հանուն միջուկային էներգիայի իրավունքի և հեղինակության։ Կասկածամտության տեղիք է տալիս նաև այն փաստը, որ Թուրքիան, որը սկսել է բնական գազ ներմուծել Իրանից, կարող է տուժել առաջարկվող պատժամիջոցներից, ուստի շահագրգռված է, որ հետաձգվի Իրանի հետ ընդհանուր առճակատման պահը։ Իսկ Բրազիլիան, որն առաջատարի դերին է հավակնում Լատինական Ամերիկայում, ըստ երևույթին, կարգավիճակի հարցեր է լուծում։ Բացի դրանից, այդ պետությունների ղեկավարները շատ են անհանգստացած իրենց անձնական քաղաքական ապագայով։ Էրդողանը բազմաթիվ ներքին ու տարածաշրջանային դժվարություններ ու հավակնություններ ունի, իսկ նախագահ դա Սիլվան պնդում է, որ Իրանի հետ միջուկային վառելիքի վերաբերյալ համաձայնագիրը, որի կնքման ժամանակ ինքը միջնորդ է եղել, օգնել է իր երկրին դառնալու համաշխարհային նշանակության տերություններից մեկը։ Կնքված գործարքը նա գնահատել է որպես իր ժողովրդի և Թուրքիայի հաղթանակ, որը հանդես է գալիս Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու` ԱՄՆ-ի ու Եվրոպայի համատեղ փորձերի դեմ։ Համապատասխանաբար, Անկարան ու Բրազիլիան պատժամիջոցների վերաբերյալ «վեցյակի» որոշումից դժգոհ են։ ՄԱԿ-ում Բրազիլիայի մշտական ներկայացուցիչը նշել է, որ պայմանավորվածությունները, «չնայած իրենց ճեղքումային բնույթին, անտեսվում են Անվտանգության խորհրդի մշտական անդամների կողմից», և իր երկիրը «ոչ մի կերպ չի ստորագրի նոր բանաձևի նախագիծը»։ Իսկ Թուրքիայում հայտարարում են, որ «եթե որևէ մեկը, այնուամենայնիվ, ցանկանա պատժամիջոցներ մտցնել Իրանի դեմ, ապա Թուրքիան այնտեղ չի լինի»։ Այսինքն, ինչպես թվում է, այս ամբողջ իրավիճակում հետաքրքիրն այն է, որ բոլոր խաղերը, ունենալով քաղաքական իրական նպատակներ, միևնույն ժամանակ հետապնդում են ուշադրության շեղման նպատակ, ծառայում որպես քաղաքական սակարկության և հնարավոր «տուրևառի» միջոց։ Սակայն, այդ ամենով հանդերձ, ակնհայտ է, որ Իրանի հետ հաշտվելու անհրաժեշտությունը 2010-ին համաշխարհային հանրության առջև ծառացած ամենագլխավոր մարտահրավերը կդառնա, իսկ արևելյան ասացվածքի համաձայն` «մի ձեռքով երկու ձմերուկ չես բռնի»։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ